1 USD - 478.42AMD
1 RUR - 7.43AMD
1 EUR - 517.55AMD
1 GBP - 617.07AMD
1 GEL - 167.09AMD
24.02.2020 | 16:11

1 USD - 64.3008RUR
1 EUR - 1.0819USD
1 GBP - 1.2838USD
Նավթ (WTI) - $52.21բարել
Ոսկի (Gold) - $53.51գրամ
Արծաթ - $601.38կգ
Մոլիբդեն - $24000/տոննա
Պղինձ - $5701.00/տոննա
Ալյումին - $1676.00/տոննա

Exclusive. Տիգրան Ձիթողցյանը՝ «Ամերիկյան հայելի» ֆիլմի եւ Սյուզան Սարանդոնի հետ խորհրդավոր զրույցի մասին

0

Օրերս համացանցում հայտնվեց ռեժիսոր Արթուր Բալդերի «Ամերիկյան հայելի»/American Mirror ֆիլմը, որի գլխավոր հերոսները հայազգի հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանն ու օսկարակիր դերասանուհի Սյուզան Սարանդոնն են: Ֆիլմը պատմում է հայ նկարչի ստեղագործական կյանքի մասին եւ ներկայացնում Տիգրանի ու Սյուզանի զրույցը՝ գեղեցկության եւ ժամանակի մասին:

NEWS.am STYLE-ը ֆիլմի մասին զրուցել է անձամբ գխավոր հերոսի՝ Տիգրան Ձիթողցյանի հետ, որը հետաքրքիր մանրամասներ է հաղորդել ֆիլմի ստեղծման, Սյուզան Սարանդոնի հետ ծանոթության եւ իր «Հայելիները» շարքի մասին, որն էլ հանդիսացել է ոգեշնչում՝ ֆիլմի ստեղծման համար:
«Ֆիլմի ռեժիսոր Արթուր Բալդերն ինձ գտավ համացանցում, այնուհետեւ մենք հանդիպեցինք, եւ նա ինձ պատմեց իր գաղափարի մասին, որ ցանկանում է վավերագրական ֆիլմ նկարահանել: Անկեղծ ասած՝ սկզում շատ փոքր բան էինք պլանավորել, որն ընթացքում աճեց ու դարձավ շատ ավելի մեծ ու խոշոր մի նախագիծ: Սկզբում, ճիշտն ասած, մեծ սպասելիքներ չկային, բայց դրանք գնալով աճեցին»,-ասում է Տիգրանը:

Ֆիլմում նկարիչը խորրդավոր զրույց է ունենում դերասանուհի Սյուզան Սարանդոնի հետ. նա մեզ պատմեց նաեւ, թե ինչից էին զրուցում օսկարակիր դերասանուհու հետ եւ ինչպես են ընթացել նրա հետ նկարահանումները:

«Սյուզան Սարանդոնի հետ զրույցը կնոջ գեղեցկության եւ ժամանակի շուրջ է ծավալվում, թե ինչպես են գեղեցկությունն ու ժամանակը միմյանց հետ առնչվում, արդյոք ժամանակը խանգարում է գեղեցկությանը, թե գեղեցկությունն ավելի ուժեղ է… Նա իդեալական կին է, որի հետ կարելի է այդ թեմաներով զրուցել, քանի որ նա մինչ օրս համարվում է գեղեցկության չափանիշ եւ հանդիսանում խոշոր ընկերությունների դեմքը:

Սյուզան Սարանդոնը ֆանտաստիկ կին է: Նրան արդեն շատ վաղուց եմ ճանաչում: Վերջին տարիների ընթացքում ավելի մտերմացանք: Նա շատ հետաքրքիր կին է՝ խորը, խելացի, գեղեցիկ…Նրա հետ շփվելն ուղղակի հաճույք է, իսկ միասին նկարահանվելը շատ հեշտ էր: Ամեն ինչ շատ արագ եղավ, առանց նախապես պատրաստվելու: Ես նրան պարզապես նկարում էի, ուղղակի այդ օրը կար նաեւ տեսախցիկ, բայց ոչ մի սցենար, ոչինչ նախապես գրված չէր, ամեն ինչ շատ բնական ստացվեց»,-հիշում է նա:

«Ամերիկյան հայելի» ֆիլմում ներկայացված են հայ նկարչի ստեղծագործական կյանքի վերջին երեք տարիները, մասնավորապես՝ «Հայելիներ» շարքը:

«Այնտեղ ներկայացված են իմ թե´ անձնական, թե´ ստեղծագործական կյանքից դրվագներ, մարդիկ, որոնք եղել են կամ կան իմ կյանքում, որոնց հետ առնչվում եմ թե´ աշխատանքի, թե´ անձնականի բերումով, բայց դա ներկայացված է էքսպրեսիվ տեսքով, ոչ թե վավերագրական»:

Ի դեպ, նկարչի՝ իրական լուսանկարներ հիշեցնող «Հայելիներ» շարքը եւս հետաքրքիր նախապատմություն ունի: Պարզվում է՝ Տիգրանին ոգեշնչել է մեր ժամանակների ամենատարածված երեւույթը 🙂
««Հայելիներ» շարքը սկսեցի, երբ առաջ եկավ սելֆիի ֆենոմենը: Քանի որ վաղուց եմ նկարում դիմանկարներ, իմ բնագավառում մեծ դեր խաղաց սելֆիի երեւույթը: Սկսեցի հետեւել կանանց, որոնք ամեն օր մի քանի սելֆի էին տեղադրում, իսկ որոշ ժամանակ անց հասկացա, որ նրանք ոչ թե ցանկանում են կիսվել իրենց արտաքինով, այլ ցուցադրել այն պատկերը, որն իրենց դուր է գալիս, որը իրենք ցանկանում են տեսնել իրենց մեջ… տարբեր ֆիլտրեր, ֆոտոշոփ, որոնք փոխում են տվյալ նկարը, այսինքն՝ սելֆիները միշտ չէ, որ բնական պատկերներ են: Հենց այդ պատճառով էլ ես փնտրում էի իմ ֆիլտրերը եւ հասկացա, որ ամենաբնական ֆիլտրը եկել է մանկուց. մարդիկ փակում են իրենց դեմքը ձեռքերով, երբ փորձում են որեւէ բան թաքցնել, կամ երբ նրանց էմոցիաներն ուժեղ են: Այդպես, երկար որոնումներից հետո, ստեղծվեց այս շարքը»:
Նկարիչն ասում է՝ ինքն էլ տեղյակ չէ, թե երբ ֆիլմը կլինի եթերում, իսկ թրեյլերը միայն երեկ է տեսել.

«Չգիտեմ, թե ինչ ծրագրով այն կներկայացվի: Այդ հարցին ավելի հստակ կպատասխանեն պրոդյուսերներն ու նկարահանող խումբը, իսկ իմ գործն ուղղակի նկարելն է…:)»:

Լուսանկարները՝ Տիգրան Ձիթողցյանի Facebook-ից եւ «Ամերիկյան հայելի» ֆիլմի արխիվից

Սյունե Առաքելյան, style.news.am

Share.