1 USD - 479.05AMD
1 RUR - 7.57AMD
1 EUR - 519.43AMD
1 GBP - 624.63AMD
1 GEL - 167.31AMD
18.02.2020 | 16:11

1 USD - 63.3085RUR
1 EUR - 1.0834USD
1 GBP - 1.2997USD
Նավթ (WTI) - $51.68բարել
Ոսկի (Gold) - $51.00գրամ
Արծաթ - $574.89կգ
Մոլիբդեն - $24000/տոննա
Պղինձ - $5735.00/տոննա
Ալյումին - $1687.00/տոննա

Հայ երիտասարդները կմասնակցեն Սիլիկոնյան հովտում Իլոն Մասկի և Yahoo-ի ստեղծողների դասախոսություններին

0

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և Դրեյփեր համալսարանի նախագահ Ասրա Նադիմի միջև ստորագրվեց հայ ուսանողներին պետական կրթաթոշակ տրամադրելու վերաբերյալ պայմանագիր:

Արշակյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ձեռներեցության դասընթացների մասնակցելու մրցույթ է անցկացվել, ինչի արդյունքում Դրեյփեր համալսարանը Հայաստանից ընդհանուր առմամբ 15 հոգու պետք է ընտրի իրենց մոտ սովորելու համար:

«3 նմանատիպ մրցույթ է անցկացվելու, մեկն արդեն կայացել է և ընտրվել է 8 հոգի: Սկզբում որոշված էր 5 հաղթող, հետո Դրեյփեր համալսարանի ժյուրին ընտրեց ևս 3 հոգու, քանի որ նրանց գաղափարները շատ էին հավանել: Մրցույթում հաղթած անձինք հնարավորություն կունենան ձեռներեցության դպրոցում դասընթացներ անցնել, իրենց գաղափարները ներկայացնել Սիլիկոնյան հովտի վենչուրային ֆոնդերին և այլ ձեռներեցների: Իլոն Մասկը, Yahoo ընկերության հիմնադիրները և այլ կազմակերպությունների հիմնադիրներ այնտեղ դասախոսություններ կունենան, կներկայացնեն իրենց հաջողության բանաձևը»,- ասաց Արշակյանը:

Անդրադառնալով հաղթողների հայրենիք չվերադառնալու վերաբերյալ մտավախություններին՝ նախարարը վստահեցրեց, որ հայ ձեռներեցները խնդիր չունեն Հայաստանից այլ երկիր գնալու: Նրա խոսքով՝ այս պահին հակառակ գործընթաց կա, և այն անձինք, ովքեր հաջողություններ են գրանցել օտար երկրներում՝ վերադառնում են ու իրենց գործունեությունը ծավալում են հայրենիքում:

«Պայմաններում մի կետ կա, որ պետք է վերադառնան և իրենց սովորածը մարզերում դասավանդեն»,- ասաց Արշակյանը:

Պայմանագրի ստորագրումից հետո հավաստագրեր տրվեցին 8 հոգու, որոնցից էր Yolo նախագծի հեղինակ, 23 ամյա Հակոբ Թումանյանը: Նա մրցույթում ներկայացրել էր ավտոմատ վենդինգ մեքենաներ:

«Yolo-ն աշխարհի ապագայի վենդինգ մեքենան է, որը պատրաստելու և վաճառելու է ըմպելիքներ և այդ ամենն արվելու է բնական հումքից, բաժակները չեն լինելու պլաստիկից և թղթից մեկանգամյա օգտագործման: Դրանք լինելու են թերմոս բաժակներ, որոնց վրա հարկավոր կլինի կպցնել QR կոդերը, տեղադրել մեքենայի մեջ և ձեզ կտրամադրի ցանկացած ըմպելիք՝ սուրճ, թեյ, հյութեր: Հաջորդ անգամ վենդինգ մեքենայի մեջ դնելիս, այն կլվանա թերմոսը: Ստեղծված է հատուկ ծրագիր, ինչի միջոցով կերևա, թե որքան պլաստիկ խնայվեց և որքան ծառ չվնասվեց»,- ասաց Հակոբը և հավելեց, որ պիլոտային շուկան իրենց համար Հայաստանն է:

Հաղթողների դասընթացները տևելու են մարտի 15-ից ապրիլի 18-ը: Սիլիկոնյան Հովտում սովորելու համար հաղթողներին դրամաշնորհ է տրամադրել  ՀՀ կառավարությունը: Դասընթացներից զատ՝ ևս 2 շաբաթ, համաձայն նոր կնքված պայմանագրի, մասնակիցները հնարավորություն կունենան մնալ Դրեյփերի համալսարանում: Այնտեղ նրանք կկարողանան շփվել և ներդրումներ գտնել իրենց նախագծերի համար:

Share.